Արգենտինայի դատարանը վճիռ է կայացրել նախկին բռնապետ Խորխե Վիդելայի դեմ: Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, 86-ամյա ամբաստանյալին դատապարտել են 50 տարվա ազատազրկման:
Վիդելան մեղադրվում էր քաղբանտարկյալների ավելի քան 400 երեխաներին առևանգելու մեջ:
Երեխաների առևանգումը 1976-1983 թվականներին պարբերական բնույթ է կրել: Lenta.ru-ի փոխանցմամբ` զինվորական խունտայի նմանօրինակ գործողությունների զոհ է դարձել 13 հազար մարդ, այդ թվում` կանայք, որոնց առևանգել են հղիության ընթացքում, և որոնք երեխաներին լույս աշխարհ են բերել գաղտնի ծննդաբերական կլինիկաներում:
1976-1981 թթ. խունտան գլխավորած Վիդելայի հետ նույն գործով են անցնում նաև վերջին արգենտինացի բռնապետ Ռեյնալդո Բինիոնեն (1982-1983 թթ.) և Արգենտինայի մի խումբ նախկին զինվորականներ և քաղաքական գործիչներ` ընդհանուր առմամբ 11 մարդ: 84-ամյա Բինիոնեն ազատազրկվել է 15 տարով:
Նախկինում Վիդելան և Բինիոնեն ցմահ ազատազրկման էին դատապարտվել`մարդկության դեմ հանցանք գործելու համար:










































