Դրամն այս տարի հունվարից մինչև օրս արժեզրկվել է մոտ 10%-ով՝ 380 դրամից դառնալով 420 դրամ: Դրամի շարունակվող արժեզրկման հետ կապված այս պահի դրությամբ սարսափելի բան չի սպասվում: Աշխարհում եվրոյի նկատմամբ դոլարը նույնպես ամրանում է: Սակայն, ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, խնդիր ունենք, քանի որ մեզ մոտ ներկրումը մի քանի անգամ ավելի մեծ է, քան արտահանումը, մեզ մոտ միշտ դոլարի դեֆիցիտ է առաջանում, որը ծածկվում է հիմանականում մասնավոր տրանսֆերտներով և, եթե այդ հարաբերակցությունը խախտվում է, միշտ ունենում ենք դոլարի պահանջարկ, որը ճնշում է դոլարի փոխարժեքի վրա:
Մի քանի տարի առաջ դոլարի փոխարժեքը գրեթե 600 դրամ էր և կտրուկ իջեցվեց մինչև 380 դրամ, ինչն, ըստ փորձագետի, անթույլատրելի էր և փոխարժեքի նման տատանման ժամանակ աշխարհում գոյություն չունի մի տնտեսություն, որ դիմանա, այն էլ՝ սեփական ազգային արժոյթի ուժեղացման ճանապարհով, որովհետև այս դեպքում ուղղակի մորթում են սեփական արտադրողին: Այն ժամանակ միջին ու փոքր բիզնեսը տուժեց նաև այն պատճառով, որ մեզ մոտ մեծ բիզնեսը, այսպես կոչված օլիգարխները, հիմնականում ներկրող են: Նրա կարծիքով, այդ սցենարը իրենց շատ ձեռք էր տալիս, իսկ արտադրողները որպես կանոն փոքր ու միջին բիզնեսում էին:
Հ.Մեսրոբյանի գնահատականով՝ տնտեսությանն այն ժամանակ հասցված վնասը ներկայում դրամի արժեզրկմամբ ոչ մի չափով չի փոխհատուցվում, քանի որ արտադրողների զգալի մասն արդեն «մորթած» է, գոյություն չունի:
«Կա նաև տնտեսության մեջ վստահության հարցը: Եթե ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, առավել ևս արտասահմանից, տեսնում է՝ այստեղ ազգային արժույթը կարող է 2 անգամ ուժեղանալ, հետո սկսվեցին բավականին զգալի տատանումներ, ինչպես եղավ 2008-ին, երբ 305-ից փոխարժեքը թռավ մինչև 385, ինքը շատ լուրջ կմտածի՝ լուրջ բիզնեսով մտնի Հայաստան, թե ոչ, այն էլ՝ օլիգարխիկ տնտեսության ֆոնի վրա: Այսինքն մենք ամեն ինչ արել ենք, որ մեր տնտեսությունը չզարգանա: Եթե թշնամին ուզեր գար տնտեսությունն ավիրեր, այսպես չէր կարողանա»,- ասաց Հ.Մեսրոբյանը:
Ընդ որում, ըստ նրա, ԱՄՀ-ն վերջին 20 տարում ցույց տվեց իր ոչ պորֆեսիոնալ մոտեցումը, եթե դա միտումնավոր չի արվել, քանի որ չկա աշխարհում մի պետություն, որ լսելով ԱՄՀ խորհուրդները, բավականին երակարտև լուրջ տնտեսական աճ ունենար, թեկուզ՝ Մեքսիկան, Արգենտինան և այլն. «ԱՄՀ մեթոդաբանության հիմքում մոնետար քաղաքականությունն է դրված, որը միտված է բացառապես արտաքին իմաստով տնտեսության մակրոտնտեսական պարամետրերի կայունությունն ապահովելու համար, բայց այդ արտաքին կայունությունը բերում է իրական տնտեսության վատթարացմանը: Կարճ ասած՝ իրենց գործողությունները ստեղծում են գերեզմանային էֆեկտ, երբ ամեն ինչ կայուն է, բայց էությունում բան չկա: Բնական է, որ ԱՄՀ-ն դոլարի փոխարժեքի վրա ազդեցություն ունի, քանի որ տպող սարքը գտնվում է Դաշնային պահուստային համակարգում և, լինելով միջազգային արժույթ, նրանք ուղղակի իրենց սեփական խնդիրները լուծելու համար արագացնում կամ դանդաղացնում են այս փող տպող սարքի աշխատանքը և դա ոչ մի կապ չունի միջազգային խնդիրների լուծման հետ: Այսինքն՝ օր առաջ եթե դոլարը կամաց-կամաց նահանջի և վերանա միջազգային արժույթ լինելուց, ապա դա հիմնականում դրական էֆեկտ է ունենալու»:










































