ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հաստատել է մամուլում օրերս հայտնված այն տեղեկությունը, որ Սերժ Սարգսյանը կոալիցիոն գործընկերներին ներկայացրել է մի հուշագրի նախագիծ, որով նախատեսվում է շարունակել կոալիցիոն համագործակցությունը խորհրդարանի ընտրությունից հետո:
Գալուստ Սահակյանն իհարկե ասել է, թե առաջարկն արել է ՀՀԿ-ն, բայց պարզ է, որ այդ գաղափարը ծնվել է բացառապես նախագահի նստավայրում, այսինքն՝ դրա հեղինակը Սերժ Սարգսյանն է: «Օրինաց երկիրն» արդեն իսկ հավանություն է տվել այդ առաջարկին, իսկ ահա ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ իրենք դրա մասին տեղյակ չեն: Մինչդեռ ՀՀԿ այս նախաձեռնության մեջ կարևորն իհարկե ԲՀԿ-ն է, եթե չասենք, որ ՕԵԿ-ն այստեղ ընդհանրապես ոչինչ չի նշանակում, ինչպես և այլ տեղերում:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը թերևս փորձում է Գագիկ Ծառուկյանից այլ կերպ աջակցություն ստանալ նախագահի ընտրության համար: Եթե ԲՀԿ-ն ստորագրի խորհրդարանի ընտրությունից հետո կոալիցիան պահպանելու Սերժ Սարգսյանի առաջարկի տակ, ապա այդպիսով կփաստի, որ սատարում է նրան նախագահի ընտրության համար:
Բանն այն է, որ եթե Ծառուկյանը, անկախ խորհրդարանի ընտրության արդյունքից, ստորագրում է հետընտրական կոալիցիոն համագործակցության շարունակության մասին հուշագիր, ապա դրա և Սերժ Սարգսյանին նախագահի ընտրություններում սատարելու միջև, ըստ էության, ոչ մի տարբերություն չկա:
Սերժ Սարգսյանն ըստ երևույթին փորձում է ընդամենը տակտիկապես խորամանկել և Գագիկ Ծառուկյանին գցել ոճական ծուղակը:
Ծառուկյանն առայժմ դիմադրում է, ինչի վկայությունն այն է, որ նրա մամուլի քարտուղարն ասում է, թե տեղյակ չեն այդպիսի նախաձեռնությունից:
Էականն այստեղ այն է, որ Սերժ Սարգսյանը փորձում է ամեն գնով մինչև խորհրդարանի ընտրությունը ձեռք բերել Ծառուկյանի աջակցությունը: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ Սերժ Սարգսյանի մոտ լուրջ մտավախություններ կան այդ ընտրությանը ԲՀԿ պահվածքի, ինչպես նաև ընտրության հնարավոր արդյունքների ամրագրման հարցում:
Սերժ Սարգսյանը թերևս սկսել է կասկածել, որ խորհրդարանի ընտրությանը կարող է ստանալ իր համար այնպիսի դասավորություն, որը թույլ կտա նախագահի ընտրությունը վերածել զուտ տեխնիկական գործընթացի: Մինչդեռ հիմա Սերժ Սարգսյանը թերևս վախենում է, որ իր ռեսուրսները երկու «լարված» ընտրության պարզապես չեն բավականացնի: