Երեկ կայացած Ռուսաստան-Իրան հանդիպումից հետո Ռուսաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը Спорт-экспресс-ին տված հարցազրույցում դժգոհել է իրենց ցուցադրած խաղից և խոսել Երևանում կայանալիք առաջիկա հանդիպման մասին:
«Հասկանում եմ, որ մենք վատ խաղացինք, և նման խաղով ոչ միայն Եվրոպայի առաջնությունում, այլև Հայաստանում անելու բան չունենք: Երևանում բոլորովին այլ խաղ է պետք ցուցադրել: Կարծում եմ, այսօր մեզնից յուրաքանչյուրը հասկացավ դա»:
Լրագրողի հարցին` ունա՞կ է, արդյոք, Ռուսաստանի հավաքականն այլ ֆուտբոլ խաղալ, Արշավինը պատասխանել է. «Վստահ եմ, որ՝ այո: Հուսով եմ, որ այս հանդիպումն ընդամենը առաջիկայում մրցակցի զգոնությունը թուլացնելու համար կծառայի, իսկ եթե ավելի լուրջ, ապա առաջին հերթին հարկավոր է շատ ավելի արագ խաղ ցուցադրել: Այսօրվա մեր մեծագույն դժբախտությունը դանդաղ խաղն էր. մրցակիցն անընդհատ հասցնում էր վերադառնալ պաշտպանություն, իսկ վերջում անգամ գոլ խփեց»:
Իսկ այն հարցին, թե՝ տեղյա՞կ է, որ Հայաստանի հավաքականը նույնպես պարտվել է, Ռուսաստանի հավաքականի անվիճելի առաջատարը հետևյալ կերպ է պատասխանել. «Հասկանում եմ, որ մեր ցուցադրած խաղից հետո տեղին չէ նման կերպ արտահայտվել, բայց Հայաստանի հավաքականն այն թիմը չէ, որի հետ մենք պետք է համեմատվենք: Բոլորը հստակ գիտակցում են, որ Երևանում շատ բարդ հանդիպում է սպասվում, բայց եթե մենք վերադարձնենք մեր նախկին խաղը, ինչը պարտավոր ենք անել, ամեն ինչ մեր ձեռքում կլինի»: