«Առաջին լրատվական»-ն արդեն տեղեկացրել էր, որ փետրվարի 8-ից 10-ը աշխարհի 82 երկրների հավաքականներ ընկերական հանդիպումներ են անցկացնում:
Եվ եթե «Եվրո-2012»-ի ընտրական փուլի B խմբում հանդես եկող Իռլանդիայի հավաքականը երեկ 3:0 հաշվով հեշտ հաղթանակ տարավ Ուելսի հավաքականի նկատմամբ, ապա այսօր նույն խմբում հանդես եկող Հայաստանի հավաքականից բացի պարտություն կրեցին նաև Մակեդոնիայի, Անդորրայի և, ինչն ամենակարևորն է, Ռուսաստանի հավաքականները:
Մակեդոնացիները 0:1 հաշվով պարտվեցին Կամերունի հավաքականին, Անդորրայի ընտրանին 2:1 հաշվով զիջեց Մոլդովային, իսկ Ռուսաստանի այդքան գովազդված հավաքականը 0:1 հաշվով պարտություն կրեց Իրանի` իրենց կարծիքով համեստ, բայց խաղաոճով Հայաստանի հավաքականին նման թիմից, իսկ ամենամեծ սենսացիան գրանցվեց Լյուքսեմբուրգ-Սլովակիա խաղում. ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 20-րդ հորիզոնականը զբաղեցնող Սլովակիայի հավաքականը 2:1 հաշվով պարտվեց 131-րդ տեղում գտնվող Լյուքսեմբուրգի ընտրանուն:
Նշենք նաև Ադրբեջանի պարտությունը. հարևան երկրի հավաքականը 0:2 հաշվով պարտություն կրեց հունգարացիներից: Այս պահին ավարտված մյուս հանդիպումներում գրանցվել են հտևյալ արդյունքները` Սան Մարինո-Լիխտենշտեյն` 0:1, Բելոռուսիա-Ղազախստան` 1:1, Հունաստան-Կանադա` 1:0, Բոլիվիա-Լատվիա` 1:2, Խորվաթիա-Չեխիա` 4:2: