Իշխանությունը արդեն իսկ նախապատրաստվել է նրան, որ 2011թ. գազի, էլեկտրաէներգիայի ու ջրամատակարարման սակագները բարձրացվելու են:
Այս կարծիքին է ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի անդամ Մովսես Արիստակեսյանը: Նրա խոսքով, 2011թ. բյուջեի հաստատված տարբերակում, նախնական տարբերակի համեմատ, կատարվել էին մի շարք փոփոխություններ, որոնք հենց նման հետևություն անելու հիմք են տալիս:
«Տնտեսական հարաբերություններին ուղղված ծախսերը կրճատվել են 81,6 մլն դրամով կամ 0,8%-ով: Ընդ որում, 4,5 %-ով կրճատվել են գյուղատնտեսությանը, 2,9 %-ով` ոռոգմանը ուղղվող ծախսերը, իսկ դրա փոխարեն 13, 7 %-ով ավելացվել են վառելիքի և էներգետիկայի ծախսերը:
Տրանսպորտին ուղղվող ծախսերի 1,8 %-ով ավելացման պարագայում 4,5 %-ով կրճատվել են ճանապարհային տրանսպորտին ուղղվող ծախսերը, իսկ ահա 36,2 %-ով ավելացվել են խողովակաշարային ու այլ տրանսպորտի ծախսերը: Այստեղից տրամաբանորեն հետևում է, որ 2011 թ. ընթացքում սպասվում է ինչպես բնական գազի, այնպես էլ էլեկտրաէներգիայի սակագների թանկացում»,- ասաց Մ. Արիստակեսյանը:
Մյուս կողմից, ըստ Արիստակեսյանի, 2,3 մլրդ դրամով կամ 4,9 %-ով ավելացվել են բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններին ուղղվող ծախսերը: «Եթե խնդիրը վերաբերեր բնակարանային շինարարությանը, ապա կարելի էր ասել, որ իշխանությունները կատարում են իրենց խոստումները` կարիքավորներին բնակարաններով ապահովելու ուղղությամբ:
Սակայն 13,3 %-ով ավելացվում են ջրամատակարարման ծախսերը: Այդ միտումը չի կարելի մեկնաբանել այլ կերպ, քան ջրամատակարարման սակագնի բարձրացման հեռանկար կամ կոռուպցիոն ռիսկերով բնութագրվող ծախսերի խթանում»,- նշեց Մ. Արիստակեսյանը: