ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը այսօր կառավարության հարց ու պատասխանի ընթացքում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց, թե աշխատանքներ տարվո՞ւմ են գազի գնի սակագնի վերանայման ուղղությամբ, ինչին ի պատասխան` նախարարն ասաց, որ ՀՀ նախագահի խիստ հանձնարարականով անում են ամեն ինչ, որ Հայաստանում էներգակիրների գները չբարձրանան, սակայն միայն բանակցությունների ընթացքը ցույց կտա` գազի գինը կվերանայվի՞, թե՞ ոչ:
ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ առևտրականները բողոքի ցույց են իրականացնում` քաղաքապետարանի քաղաքականության արդյունքում իրենց հանապազօրյա հացից զրկելու համար: Նա նաև հիշեցրեց, որ մենք Սահմանադրությամբ սոցիալական պետություն ենք, այնինչ այսօր մոտ հազար հարյուր մարդ զրկված է աշխատանքից, և հետաքրքրվեց` արդյոք որոշումը վերանայման ենթակա՞ է, թե՞ ոչ:
Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ հարցին որակավորված կարող է պատասխանել քաղաքապետարանը, միաժամանակ նշեց, որ առևտրի համար կան ավելի նպատակահարմար վայրեր, ուստի քաղաքապետարանը փորձում է փողոցային առևտուրը տեղափոխել ավելի նպատակահարմար տեղեր: