Եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները (Եվրոխումբ) երեկ երեկոյան հավանության են արժանացրել Իսպանիային ֆինանսական օգնության տրամադրումը` ընդգծելով, որ երկրին անհրաժեշտ կլինի հավելյալ 51-62 մլրդ եվրո:
Ինչպես նշվում է Եվրոխմբի հայտարարության մեջ, օգնությունը կտրամադրվի Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի (EFSF), ապա` Կայունության եվրոպական մեխանիզմի կողմից (ESM):
Կայունության եվրոպական մեխանիզմի հայտարարության մեջ նշվում է, որ վերջնական գումարը չի գերազանցի 100 մլրդ եվրոյի սահմանագիծը, որը սահմանել է Եվրոխումբը: Այս մասին հաղորդում է «Վեստի Էկոնոմիկան»:
Կիպրոսի հարցմանն ի պատասխան` Եվրոխումբը հայտարարել է, որ երկիրը գումար կստանա EFSF-ից կամ ESM-ից, երբ կատարվի պահանջարկի գնահատում: Օգնությունը Կիպրոսին կկազմի ենթադրաբար շուրջ 10 մլրդ եվրո: Դրա փոխարեն պետք է կրճատվեն բյուջետային ծախսերն ու իրականացվեն տնտեսական բարեփոխումներ: