«Երկպալատ խորհրդարանի ստեղծումը, հավանաբար, դրական տեղաշարժ կբերի Սփյուռք-Հայաստան աշխատանքների կոորդինացման, համակարգման առումով: Սակայն դրա իրագործման մեթոդները ես չեմ պատկերացնում»,- երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարին անդրադառնալով՝ կարծիք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Չաքրյանը նշեց, որ այդ գաղափարի իրագործումը չափազանց բարդ է, քանզի չկա միասնական Սփյուռք, յուրաքանչյուր երկիր իր առանձնահատկությունն ունի, իսկ այդ երկրներում ապրող հայերը ապրում են հենց այդ երկրի հասարակության մեջ, դրանից դուրս գտնվել հնարավոր չէ:
Երկպալատ խորհրդարանի ստեղծումով Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ավելի ակտիվացնելու հանգամանքին անդրադառնալով՝ Չաքրյանը նշեց, որ Ցեղասպանության ճանաչման գործում ոչ թե Հայաստանն ու Սփյուռքն են աշխատել, այլ ճանաչող երկրների քաղաքականությունն է փոխվել.
«Առավել ևս, աշխատանք չի կատարվում Ցեղասպանության հետևանքների վերացման հարցի ուղղությամբ:
Եթե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դառնա լիարժեք, ապա մտնելու է երկրորդ` հետևանքների վերացման հարցը»: