Այսօր Ազգային ժողովում ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացրեց Երևանի մետրոպոլիտենի վերականգնման առաջին փուլը և այդ փուլում սպասվելիք փոփոխությունները. մետրոպոլիտենի անվտանգության վերազինում, տեխնիկայի թարմացման և նորացման աշխատանքներ, որպեսզի այն 30-40 տարվա անվտանգ կյանք ունենա:
Առաջին փուլի համար նախատեսված է իրականացնել 15 միլիոն եվրոի ներդրում, որը տրամադրվել է Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական համայնքների դրամաշնորհների միջոցներից։
Երկրորդ փուլը, ըստ փոխնախարարի, կյանքի կկոչվի 2013 թվականին, և դրա համար ևս կներդրվի 15 միլիոն եվրո: Փոխնախարարը նշեց, որ երկար տարիներ մետրոյի ժետոնի գինը 50 դրամից չի բարձրացել, ինչը ներկայումս չի կոմպենսացնում մետրոպոլիտենի կատարած ծախսերը, այդ իսկ պատճառով առաջիկայում կլինի ժետոնի թանկացում, հակառակ դեպքում պետբյուջեն պետք է կոմպենսացնի այդ ծախսերը: