Եգիպտոսի բարձրագույն վարչական դատարանը չեղյալ է հայտարարել է արդարադատության նախարարության կարգադրությունը, որը ռազմական ոստիկանությանը և հետախուզությանը իրավունք էր տալիս ձերբակալել քաղաքացիական անձանց,- հաղորդում է տեղի Al-Ahram թերթը: Agence France-Presse-ի տվյալներով՝ դատարնի որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ իրավապաշտպանները վիճարկել են նախարարության կարգադրությունը:
Արդարադատության նախարարության կարգադրությունն ընդունվել է հունիսի 13-ին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից մի քանի օր առաջ: Փաստաթղթի համաձայն՝ ռազմական ոստիկանության և հատուկ ծառայությունների աշխատակիցները հնարավորություն էին ստացել ձերբակալել քաղաքացիական անձանց մի շարք կասկածների առկայության դեպքում: Դրանց թվում նշվում էր պետության շահերին վնաս հասցնելու գործողությունները, գողությունը, պայթուցիկ սարքերի օգտագործումը, հասարակական գույքի ոչնչացումը, ճանապարհային երթևեկության խոչընդոտումը և այլն:
Մինչ կարգադրության ընդունումը քաղաքացիներին կարող էր ձերբակալել միայն սովորական ոստիկանությունը: Ընդ որում, նոր միջոցառումները, պարբերականի տվյալներով, հիմնված են 1966 թ. ընդունված ռազմական դատավարության մասին օրենքի վրա: Ենթադրվում էր, որ նրանք պետք է ուժի մեջ մնան մինչև նոր սահմանադրության ընդունումը:
Արդարադատության նախարարության որոշումը վրդովել է իրավապաշտպաններին, որոնց 17 միություններ բողոքարկել են որոշումը դատարանում: Իրենց դիումում նրանք նշել են, որ նոր կանոնները փաստացիորեն վերականգնում են մայիսի 31-ին չեղյալ հայտարարված արտակարգ դրությունը:
Արդարադատության նախարարության որոշումը Եգիպտոսի զինվորական իշխանությունների կողմից իրենց ազդեցությունը երկրում ուժեղացնելու առաջին քայլը չէ: Հունիսի 17-ին Զինած ուժերի բարձագույն խորհուրդը, Սահմանադրական դատարանի որոշմամբ, ցրեց փետրվարին ընտրված խորհրդարանը: Ավելի ուշ Խորհուրդը փոփոխություններ մտցրեց ժամանակավոր սահմանադրության մեջ՝ իրեն օժտելով օրենսդիր մարմնի լայն լիազորություններով:











































