ՀՔԾ-ում ավարտվել է ոստիկանության` Տավուշի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչի կողմից ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության` Տավուշի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչ Վ. Թամրազյանը խախտել է երթեւեկության կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Տեսուչը 2010թ. օգոստոսի 24-ին, Բերդ-Իջեւան ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում թույլ է տվել ՃԵ կանոնների 67-րդ կետի պահանջին հակասող գործողություններ. ունենալով կանխման տեխնիկական հնարավորություն` նա վրաերթի է ենթարկել Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ Գ. Քալանթարյանին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Այդ մասին տեղեկացնում է գլխավոր դատախազության լրատվական կայքը: