ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Իրանը պլանավորել է մինչև 2015 թվականը նավթի օրական արտահանումը հասցնել 3 միլիոն բարելի: Այս մասին ռուսական 10-րդ նավթագազային կոնգրեսում հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Ահմադ Գալեբանին:
Վերջինիս խոսքերով՝ նախորդ տարի նավթի օրական արտահանումը կազմել է 2,280,000 բարել. «Իրանը նաև քայլեր է ձեռնարկում նավթի օրական արդյունահանումն ավելացնելու ուղղությամբ: Ներկայումս այն կազմում է օրական 4 միլիոն բարել, մինչդեռ 2015 թվականին այդ ցուցանիշը հասցվելու է մինչև 5,122,000 բարելի:
Գազի օրական արդյունահանումը նույնպես աճելու է: 2011 թվականին այն կազմում էր 644 միլիոն խորանարդ մետր, իսկ 2015 թվականին կազմելու է 1470 միլիոն խորանարդ մետր: Կանխատեսվում է, որ մոտակա 5 տարիներին 200 միլիարդ դոլարի ներդրում է կատարվելու Իրանի վառելիքա-էներգետիկ համալիրում»:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից ամբողջությամբ գործելու է այս տարվա հունվարի 23-ին իրանական նավթի ներկրման վրա ԵՄ-ի սահմանած բեռնարգելքը:











































