Շրի Լանկայի իշխանությունները հայտարարել են, որ ստիպված են եղել բանակը ներգրավել Դենգե տենդի դեմ պայքարելու գործում: Ինչպես հաղորդում է France 24-ը, համաձայն առողջապահության նախարարության կարգադրության՝ առավել ծանր վիճակում գտնվող շրջաններում կտեղակայվի մոտ 10 հազար զինծառայող:
Զինվորները կներգրավվեն հիվանդությունը տարածող միջատների դեմ պայքարի համար ինսեկտիցիդ ցողելու գործընթացում: Բացի այդ, զինծառայողները կօգնեն ոստիկանությանը հասարակական կարգ պահպանել:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2012 թ. հիվանդության հետևանքով մահացել է 75 մարդ: Գրանցված հիվանդների ընդհանուր թիվը 5 ամսում հասել է 15 հազարի, դա 4500-ով ավելի է, քան անցյալ տարի:
Դենգե տենդը սուր վիրուսային հիվանդություն է, որը տարածվում է սովորական վիրուսային վարակի ձևով և ուղեկցվում ալերգիկ դրսևորումներով, մկանային ցավով, լիմֆատիկ հանգույցների մեծացմամբ:











































