Որքան էլ Հայաստանում համակարգային փոփոխությունները շարունակում են մնալ ընդամենը ընդդիմադիր և դժգոհ քաղաքացիների ցանկություն և իշխանական ելույթների արտաքին շղարշ, միևնույն է ակնհայտ է, որ Հայաստանում ինչ որ բան այնուամենայնիվ փոխվում է և փոխվում է նկատելիորեն: Եվ այստեղ շատ մեծ դեր ունեն ինֆորմացիոն տեխնոլոգիաները:
Դրա վառ վկայությունը Հարսնաքարում տեղի ունեցած դեպքն է: Ողբերգությունը, որ եղավ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի սանձարձակ պահվածքի, դաժանության հետևանքով, դարձավ հասարակական ուշադրության թիվ մեկ առարկան: Իշխանությունը նախ ակնհայտորեն փորձեց կոծկել, մեղմացնել նեղացնել միջադեպի շրջանակը, սակայն հասարակական կարծիքի ճնշման տակ ստիպված եղավ հետագայում ձեռնարկել քայլեր, որոնք գոնե ինչ որ չափով ապահովում են գործի քննության նախնական մի մակարդակ, որը հանրությանը թույլ է տալիս ակնկալել բացահայտման քիչ թե շատ բավարար ընթացք:
Կասկած չկա, որ հասարակական ճնշման շարունակականության պայմաններում իշխանությանը չի հաջողվի կոծկել գործը և ջրից հնարավորինս չոր դուրս բերել յուրային օլիգարխ պատգամավորին և նրա թիկնազորին: Ահա այդ ամենում շատ մեծ է լրատվամիջոցների և ինֆորմացիոն համացանցային տեխնոլոգիաների դերակատարումը, որոնք հնարավորութուն տվեցին հանրությանը մոբիլիզացնել և ձևավորել հասարակական կարծիք, որն էլ իշխանությանը պարտադրեց որոշակի գործողություններ կատարել դաժան ծեծի դեպքը բացահայտելու ուղղությամբ:
Սա մի օրինակ է, թե ինչպես է փոխվում իրավիճակը երկրում ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմանը, հատկապես համացանցային հաղորդակցության միջոցների զարգացմանը զուգահեռ: Այստեղ իհարկե կոնկրետ դեպքի հարց չէ, այստեղ համակարգային խնդիր է: Ձևավորվում է մի նոր համակարգ, որը ի զորու է ապահովել հանրային մոբիլիզացիայի նվազագույն մի աստիճան, որի շնորհիվ հնարավոր է էապես մեծացնել հանրային կարծիքի ազդեցությունը իշխանության և դրա շրջապատի գործողությունների վրա:
Հետևությունը պետք է լինի այն, որ այդ համակարգն անհրաժեշտ է պահպանել, անհրաժեշտ է ընդլայնել այն, մտածել այն առավել արդյունավետ օգտագործելու նոր տարբերակների մասին, քանի որ սա հանրային մի շատ արժեքավոր ռեսուրս է, որը Հայաստանում կարող է իսկապես նույնիսկ անհավանական թվացող արդյունքների հասնել: Սա համենայն դեպս կարող է լինել հասարակության այն այլընտրանքային համակարգը, որը կհակադրվի իշխանական համակարգին, իսկ ապագայում էլ կարող է դառնալ հասարակական-քաղաքացիական առավել լայն համակարգի մեկնակետ, հիմք:
Խոսքը իսկապես լուրջ ռեսուրսի մասին է, որը կարող է վճռորոշ դերակատարում ունենալ Հայաստանում քաղաքացիական հաղթանակների հարցում: Խնդիրը ամենևին այսպես ասած «ֆեյսբուքյան հեղափոխությունների» նույնականացումը չէ: Խոսքը հեղափոխության մասին չէ, խոսքը կարևոր քաղաքացիական ռեսուրսի մասին է, որը անհրաժեշտ է առավելագույն արդյունավետությամբ օգտագործել քրեաօլիգարխիկ համակարգի դեմ քաղաքացիական, հասարակական պայքարում, առավել ևս, որ այդ գործում հասարակության դաշնակիցը ժամանակն է, որն անշրջելի է դարձնում ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացումը:











































