Քաբուլի արվարձանի հյուրանոցներից մեկում պատանդներ վերցրած «Թալիբանի» բոլոր զինվորները չեզոքացվել են: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, վերջին տվյալներով՝ նրանք եղել են 5 հոգով:
Մյուս զոհերի մասին տվյալները տարբեր են: France-Presse-ը գրում է, որ, բացի թալիբներից, զոհվել է ևս 16 մարդ, այդ թվում՝ քաղաքացիներ, 1 ոստիկան և հյուրանոցի անվտանգության 1 աշխատակից: Associated Press-ը հայտնում է, որ թալիբների հարձակման զոհ է դարձել 17 մարդ, այդ թվում՝ 12 քաղաքացիական անձ:
Spozhmai հյուրանոցի վրա հարձակումն իրականացվել է հինգշաբթի ուշ երեկոյան: Ընդհանուր առմամբ, զինյալների չեզոքացման գործողությունը տևել է 12 ժամ: Դրան մասնակցել են տեղի և ՆԱՏՕ-ի զորքերը:
Մեկնաբանելով իրենց հարձակման պատճառը՝ թալիբները հյուրանոցի կենվորներին մեղադրել են մուսուլմանների համար սրբազան համարվող ուրբաթ օրերին աղմկոտ երեկույթներ անցկացնելու մեջ:










































