Երեկ «Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ Русский Репортер կայքը, որը հանդիսանում է Wikileaks-ի գործընկերը Ռուսաստանում, հրապարակել է մի փաստաթուղթ, որտեղ ամերիկյան դիվանագետները պատմել են 2005թ. Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի մասին, ով ոսկի արդյունահանող Global Gold Corporation միջազգային կազմակերպությունից պահանջել էր 3 միլիոն դոլար կաշառք` այդ մասին հայտնելով Global Gold Corporation-ի իրավաբան Աշոտ Պողոսյանին (նշվում է նաև պատգամավոր Մուրադ Գուլոյանի անունը, որը պետք է այդ կաշառքը ստանար): Սակայն ընկերությունն այդ գումարը չի վճարել, իսկ նախարարությունն էլ հետ էր կանչել երկու հանքավայրերում աշխատանքներ իրականացնելու ընկերության թույլտվությունը:
Հիշեցնենք, որ Մուրադ Գուլոյանը Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի հայրն է, ով այն ժամանակ ԱԺ` ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր: Այժմ Գուլոյանը ԲՀԿ-ական պատգամավոր է և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամին է: