«Կանաչների» կուսակցությունը պահանջել է արագության նոր սահմանափակումներ մտցնել Գերմանիայի ճանապարհային կանոններում: Այս մասին գրել է Focus-ը` վկայակոչելով պատգամավոր Միխայել Կրամերին: Ընդդիմությունն առաջարկել է գերմանացի վարորդների համար քաղաքներում սահմանել 30 կմ/ժ առավելագույն արագություն։
Բացառություն պետք է կազմեն միայն քաղաքի գլխավոր փողոցները, որոնցով հնարավոր կլինի երթևեկել ժամում 50 կմ արագությամբ:
Այս կերպ ընդդիմությունը հույս ունի նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Շատ գերմանական բնակավայրերում այժմ գործում է ժամում 30 կմ արգություն սահմանափակումը: Սակայն «Կանաչները» ցանկանում են, որ այս կանոնն ընդունվի պաշտոնապես՝ դաշնային մակարդակով: Թե որ փողոցները պետք է բացառություն կազմեն, կորոշեն տեղի իշխանությունները:










































