Բոսնիայի ոստիկանությունը ձերբակալել է երկու բոսնիացի սերբերի, ովքեր կասկածվում են Սրեբրենիցայում հազարավոր մուսուլմանների սպանության մեջ: Այս մասին հայտնել է Reuters-ը: Նախկին զինղեկ Օստոյա Ստանիշիչը և նրա օգնական Մարկո Միլոշևիչը ձերբակալվել են Բոսնիայի արևելքում գտնվող Զվորնիկ քաղաքում:
Տղամարդիկ կասկածվում են 1995 թ. Սրեբրենիցայում հազարավոր մուսուլմանների սպանության մեջ այն բանից հետո, երբ սերբական զորքը գրավել էր քաղաքը: Սերբերը քաղաքից արտաքսել էին կանանց և երեխաներին, իսկ մոտ ութ հազար տղամարդու գնդակահարել հարցաքաննությունից հետո: Միջազգային քրեական դատարանն այս սպանությունները ճանաչել է որպես ցեղասպանություն:
Ինչպես նշել է «Ազատություն» ռադիոկայանը, ավելի վաղ Ստանիշիչը վկայություն էր տվել ընդդեմ սերբ սպաների` հայտարարելով, որ ինքը չի մասնակցել զանգվածային սպանություններին:
Ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալությունից հետո Զվորնիկում հայտնաբերվել է զինամթերքի պահուստ:










































