Այսօր Wikileaks-ում հրապարակված փաստաթղթերից մեկից հայտնի է դառնում, որ դեռ 2008 թ. Իսրայելի իշխանությունները Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի փոխարեն ամենաընդունելի թեկնածու էին համարում մի քանի օր առաջ երկրի փոխնախագահ նշանակված Օմար Սուլեյմանին:
Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը` հայտնելով, որ իսրայելցիների համար նա լավագույն թեկնածուն է, եթե Մուբարաքը «մահանա կամ անգործունակ դառնա»: Նա առնվազն պետք է լինի ժամանակավոր պաշտոնակատար,- գրված է փաստաթղթում: Փաստաթղթից նաև հայտնի է դառնում, որ Օմար Սուլեյմանը սերտ կապերի մեջ է եղել իսրայելական իշխանությունների հետ, և օրվա ընթացքում մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել նրանց հետ: Փաստաթուղթը թվագրված է 2008 թվով ու պատմում է ամերիկյան դիվանագետի և Իսրայելի պաշտպանության նախարարության պաշտոնյայի զրույցի մասին:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Կահիերում և այլ քաղաքաներում ցուցարաների և իշխանության ներկայացուցիչների բախումների թեժ պահին, երբ ակնհայտ էր, որ Մուբարաքը կորցնում է երկրի նկատմամբ վերահսկողությունը, նա, 30 տարի փոխնախագահ չունենալուց հետո, այդ պաշտոնին նշանակեց հետախուզության նախկին ղեկավար Օմար Սուլեյմանին, որը մեծ հեղինակություն ունի ոչ միայն երկրի ներսում, այլ նաև տարածաշրջանում:
Վերջին շրջանում Օմար Սուլեյմանը զբաղվում էր նաև ներպաղեստինյան բանակցություններով, ինչպես նաև Իսրայելի և Պաղեստինի միջև հարաբերություններում միջնորդական գործունեություն իրականացնելով: