Ռուսաստանի գծով ամենահայտնի եվրոպական փորձագետ Ալեքսանդր Ռարը փոխել է գիտությունը նավթագազային բիզնեսով: 53-ամյա կրեմլագետը, Վլադիմիր Պուտինի վերաբերյալ մի շարք գրքերի հեղինակը դարձել է Wintershall AG ընկերության նախագահի ավագ խորհրդատուն: Ի դեպ, այս ընկերությունը «Գազպրոմի» հիմնական գործընկերն է «Հարավային հոսքում» և «Հյուսիսային հոսքում»: Մեկնաբանելով քաղաքագիտությունից հեռանալու իր որոշումը` Ռարը ասել է, որ հիմա ՌԴ-ի գծով մասնագետները պահանջարկ չունեն, և վստահություն է հայտնել, որ Ռուսաստանին կարելի է Եվրոպային կապել տնտեսական համագործակության միջոցով:
Ալեքսանդր Ռարը աշխատել է Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդի միջազգային բաժնում 18 տարի: Նա ամենահայտնի արևմտյան քաղաքագետներից է: Հեղինակել է «Գերմանացին Կրեմլում», «Պուտինը Պուտինից հետո», «Սառը ընկեր» և Պուտինի մասին մի շարք այլ գրքեր: Նրա գործընկերները հաճախ նրան քննադատել են Կրեմլի նկատմամբ չափից դուրս լոյալ դիրքորոշման համար: Սակայն Ռարն ինքը այդ քննադատությունը անհիմն է համարում:
«Ես պատմաբան եմ և փորձում եմ ՌԴ-ում կատարվող իրադարձություններին նայել պատմական տեսանկյունից: Եվ այդ տեսանկյունից ներկայիս Ռուսաստանը այնքան էլ վատ տեսք չունի: Կոմունիզմից դուրս գալ հաջողվեց, ժողովրդավարությունը Ռուսաստան չհասավ, բայց տոտալ կարգերի վերադարձ տեղի չունեցավ: Պետք է համբերություն ունենալ և հասկանալ, թե որքան դժվար է Ռուսաստանի համար անցյալից դուրս գալը»,- ասել է քաղաքագետը:
Քաղաքականությունից իր հիասթափությամբ էլ նա բացատրում է իր հեռանալը բիզնես:
«ԽՍՀՄ-ի անկումից հետո ես աշխատել եմ ռուս-գերմանական հարաբերությունների մերձեցման համար, սակայն առաջընթաց դեռ չկա: Ինչպես արևմտյան, այնպես էլ ռուսական էլիտային բնորոշ են անցյալի կարծրատիպերը: Հույս ունեմ առաջընթացի հասնել բիզնեսի բնագավառում, որովհետև աշխատում եմ այն մարդկանց բնագավառում, որոնք անընդհատ ետ չեն նայում»,- ընդգծել է Ռարը:
Այդ նոր նպատակի համար նա աշխատելու է գերմանական Wintershall AG ընկերությունում` որպես Ռուսաստանի գծով ավագ խորհրդատու: Wintershall AG-ը հանդիսանում է BASF AG-ի լիակատար դուստր ձեռնարկությունը և զբաղվում է նավթի ու բնական գազի պաշարների հայտնաբերմամբ, վերամշակմամբ, տեղափոխմամբ ինչպես Գերմանիայում, այնպես էլ արտասահմանում: Ընկերությունը ակտիվորեն համագործակցում է «Գազպրոմի» հետ:
Ամենահայտնի գերմանացի քաղաքական գործիչը, որը Ռուսաստանի հետ կապ ունեցող բիզնես է հեռացել, դարձել է նախկին կանցլեր Գերհարդ Շրեդերը: 2005 թ. ընտրություններում պարտություն կրելուց հետո նա գլխավորում է «Հյուսիսային հոսքի» դիտորդական խորհուրդը: Այն ժամանակ քննադատները մեղադրել էին նախկին կանցլերին հին կապերի միջոցով փողեր աշխատելու ցանկության մեջ:
Ալեքսանդր Ռարը չի թաքցնում, որ գումարային հարցը կարևոր դեր է խաղացել գիտությունից նրա հեռանալու գործում:
«Քաղաքական գործունեության համար դադարել են վճարել: Փորձագետները ստիպված են փող աշխատելու համար աջ ու ձախ խորհրդատվություն տրամադրել»,- ընդգծել է նա:
Հ.Գ. Ալեքսանդր Ռարը «Առաջին լրատվական»-ի ընթերցողին հայտնի է մեր կայքին տված իր բացառիկ հարցազրույցներով:











































