Новости-Армения գործակալության փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հունիսի 20-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հորադիզ բնակավայրի մերձակայքում:
Այս մասին նշված է ԼՂՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ. «ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի մեջ են գտնվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Անթալ Խերդիչը (Հունգարիա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և Ուիլյամ Փրայորը (Մեծ Բրիտանիա):
Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները»:











































