Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանը ամփոփել է իր թիմի` Շվեդիայի ընտրանու հետ հանդիպման արդյունքները: Հիշեցնենք, որ «Եվրո-2012»-ի խմբային փուլի եզրափակիչ տուրի շրջանակներում կայացած Ֆրանսիա-Շվեդիա հանդիպմանը ֆրանսիացիները զիջել են 0:2 հաշվով:
«Գիտակցում էինք, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում: Սակայն չէինք կարծում, որ այն նման դժվար ընթացք կունենա: Շվեդները լավ խաղ ցուցադրեցին: Եթե նրանք նմանապես անցկացնեին բոլոր հանդիպումները, քառորդ եզրափակիչ դուրս գալու հնարավորություն կունենային: Այսօր շվեդները կարողացան արդյունավետ ավարտել գոլային պահերը, մենք` ոչ:
Իհարկե, մեզ համար հեշտ չի լինի քառորդ եզրափակչում դիմակայել Իսպանիայի հավաքականին: Ուժերը վերականգնելու համար մենք ավելի քիչ ժամանակ ունենք: Բայց պետք է միշտ լավատես լինել: Կարևոր է, որ Ֆրանսիայի հավաքականը քառորդ եզրափակիչ է անցել: Վստահ կարող եմ ասել, որ մենք պայքարելու ենք: Կարծում եմ, ամեն ինչ լավ կլինի»,- ֆրանսիական լրատվամիջոցները մեջբերում են Լորան Բլանին:










































