Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն իր ծրագրերը ներկայացնելու համար չի պատրաստվում սպասել ևս 5 տարի և սկսում է հասարակական խորհրդարանի գործունեությունը՝ ուղղված այս կամ այն ոլորտի խնդիրների բարձրաձայնմանը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ նկատելով, որ հասարակական խորհրդարանի այսօրվա քննարկումը նվիրված է հայ փախստականների խնդիրներին:
«Նախընտրական շրջանում մենք հանդիպեցինք փախստականներին և տեսանք, որ նրանք սոսկալի վիճակում են ապրում: Հանրակացարանները, որտեղ բնակվում են այդ մարդիկ, իսկական աղետի գոտիներ են: Խնդիրներն այնքան շատ են, որ պետության կողմից իրականացվող հատուկ ծրագրից բացի՝ իրավիճակը որևէ այլ բան անկարող է փոխել: Եթե իշխանությունները լուրջ քայլեր չձեռնարկեն, փախստականները ստիպված կլինեն հեռանալ Հայաստանից, իսկ Ադրբեջանն էլ կուրախանա այդ փաստից»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ իրենց կուսակցության և փախստականների կողմից մշակված ծրագրի փաթեթը պատրաստվում են ներկայացնել կառավարություն՝ պատրաստ լինելով խնդրի շուրջ համագործակցել քաղաքական տարբեր ուժերի հետ:
Դեմկուսի նախագահի խոսքով՝ փախստականների խնդիրները լուծելու համար պետք է ստեղծվի պետական հատուկ ֆոնդ: «Կառավարությունը միշտ ասում է, որ փախստականների հարցերը լուծելու համար բավարար միջոցներ չկան: Բայց մինչև ե՞րբ միջոցներ չպետք է գտնվեն: Մենք բոլորս էլ տեսնում ենք՝ ինչ միջոցներ են շրջանառվում»,- ասաց Արամ Սարգսյանը:
Ասուլիսին ներկա՝ «Մեր տունը Հայաստանն է» ՀԿ-ի նախագահ Նիկոլայ Բաբաջանյանն էլ իր հերթին նկատեց, որ իշխանությունները միջազգային ասպարեզում բավարար սրությամբ չեն ներկայացնում հայ փախստականների հարցը, ինչը խիստ վնասում է խնդրի շուտափույթ լուծմանը:









































