Մինչ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Կարեն Անդրեասյանին, այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մասամբ բավարարել է ԱԺ գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լևոն Սարգսյանի և Ռուբեն Հայրապետյանի կողմից բարոյական վնասի հատուցման պահանջով «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ հարուցված հայցը:
Դատարանը որոշել է, որ «Ութից յոթը ցուցակում են» հոդվածում հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և պարտավորեցրել է տպագրել հերքում: Դատարանը պարտավորեցրել է նաև «Հայկական ժամանակ» օրաթերթին` յուրաքանչյուր գործարարին վճարել 2 միլիոն 44 հազար դրամ:
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Կարեն Անդրեասյանը նպաստել է մամուլի ազատությանը սահմանափակող օրենսդրության մշակմանը, որի պատճառով էլ դատարանը բավարարեց «Հայկական ժամանակ»-ի դեմ հայցը:
«Միաժամանակ կարծում եմ, որ օմբուդսմենի անձով, ցավոք սրտի, պայմանավորված չեն մամուլի նկատմամբ ճնշումները: Եթե օրինակ` օմբուդսմեն նշանակեին Վարդան Հարությունյանին կամ Ավետիք Իշխանյանին, և իշխանությունները որոշեին ճնշումներ գործադրել մամուլի նկատմամբ, կարծում եմ, կկիրառեին»,- ասաց Արամ Աբրահամյանը:
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագրի ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ուզում են նշանակել մեկին, որը հանրությանը հայտնի է մամուլի ազատությունը սահմանափակող օրենք հեղինակելով:
«Իսկ ի՞նչ գիտեք, որ միայն դրանով է հայտնի: Միգուցե՞ ուրիշ ծառայություններ էլ է մատուցել իշխանություններին»,- այսպես արձագանքեց Արամ Աբրահամյանը: