Ռուսաստանի հաշվարկային պալատի նախագահը հավանություն է տվել Մոսկվայի` Աբխազիային տրամադրած ֆինանսական օգնության իրացման գործընթացին. այս միջոցները նախատեսված էին ճանապարհների բարեկարգման եւ ենթակառուցվածքների բարելավման համար, սակայն ընդդիմության առաջնորդները պնդում են յուրացումները թաքցնելու փորձի առկայության մասին:
2008 թվականի կարճատեւ պատերազմում Վրաստանի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո, Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:
Անցյալ տարվա գարնանը Աբխազիայի եւ Ռուսաստանի իշխանությունները ավելի քան 10 միլիարդ ռուբլու (մոտ 330 միլիոն դոլարի) ներդրումներ նախատեսող Աբխազիայի սոցիալ-տնտեսական զարգացման նախագիծ մշակեցին: Ստեղծվեց նաեւ միասնական հանձնաժողով` ծախսերը վերահսկելու նպատակով:
Հունվարի 20-ին Ռուսաստանի հաշվարկային պալատը Սերգեյ Ստեպաշինի գլխավորությամբ հրապարակեց զարգացման նախագծի շրջանակներում տրամադրված ֆինանսական օգնության առաջին հոսքի իրացման արդյունավետության վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները:
Մամլո ասուլիսի ժամանակ Ստեպաշինը հայտարարեց, որ աբխազ պաշտոնյաների կողմից զեղծարարություն չի հայտնաբերվել, եւ որ ռուսական օգնության հաշվին իրականացվող շինարարական ծրագրերը «խնայողաբար եւ արդյունավետ» կերպով են իրագործվել:
Սակայն Ստեպաշինը նշեց, որ մոտավորապես 350 միլիոն ռուբլու (շուրջ 12 միլիոն դոլար) չափով գումարի ճակատագիրն այդպես էլ անհայտ է մնացել: Նրա խոսքերով` բյուջետային գործընթացի հետ կապված խնդիրների հետեւանքով` Աբխազիայում շինարարության իրական գները գերազանցել են ծրագրված ծախսերը:
Միեւնույն ժամանակ, Ստեպաշինն ասաց, որ Աբխազիան երիտասարդ երկիր է եւ բյուջեի վերահսկման մեխանիզմներ դեռ կկարողանա ստեղծել: «Ռուսաստանին տասը տարի պահանջվեց դրան հասնելու համար», – հավելեց նա:
Ռուսաստանի հաշվարկային պալատի նախագահն անհիմն է համարում այն կասկածները, թե ռուսական օգնության մի մասը յուրացվել է: Սակայն տեղական ընդդիմադիրներին սա համոզիչ չի թվում:
Հունվարի 21-ին Աբխազիայի «Ժողովրդական» կուսակցության առաջնորդ Յակուբ Լակոբան հոդված հրապարակեց, որում քննադատել էր Հաշվարկային պալատի զեկույցը, իսկ նրա նախագահին «քաղաքական դավադիր եւ շորթիչ» էր անվանել: Արդյունքում` Լակոբան 2 օրով բանտարկվեց զրպարտության մեղադրանքով:
Այս փաստը, սակայն, չկանգնեցրեց ընդդիմության այլ առաջնորդների: Նախկին փոխնախագահ, իսկ այժմ Ազգային միաբանության ֆորումի ղեկավար Ռաուլ Խաջիմբան եւս քննադատեց Ստեպաշինի` 350 միլիոն ռուբլու անհետացման վերաբերյալ ցուցաբերած մոտեցումը:
Իշխանության ներկայացուցիչներն իրենց հերթին հերքում են քննադատությունները` դրանք անհիմն որակելով:
Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր, ծախսերը վերահսկող միացյալ հանձնաժողովի աբխազական կողմը ղեկավարող Զաուր Ադլեյբան նշում է, որ Ստեպաշինը մատնանշել է այն ոլորտները, որտեղ իշխանությունները սխալներ են թույլ տվել, առանց վերջիններիս որեւէ դիտավորյալ խախտումների մեջ մեղադրելու:
Սակայն, ոմանք Ռուսաստանի հաշվարկային պալատի նախագահի ելույթի մեջ թափանցիկ ակնարկներ են նկատել:
«Ստեպաշինն ասում է, որ յուրացումներ չեն եղել, բայց միեւնույն ժամանակ մատնանշում է 347 միլիոն ռուբլին: Նա պարզապես ցանկանում է հասկացնել, որ Ռուսաստանը տեղյակ է այս գումարը յուրացնելու փաստի մասին», – ասում է լրագրող, Աբխազիայի հանրային պալատի անդամ Ինալ Խաշիգը:
Նրա խոսքերով` Մոսկվան պատրաստ է աչք փակել այս անհամապատասխանության վրա, քանի որ այն Աբխազիայում ավելի կարեւոր հետաքրքրություններ ունի:
«Ռուսաստանին գործող իշխանությունները լիովին բավարարում են, եւ այն չի պատրաստվում կառչել նման մանրուքներից», – համոզված է լրագրողը:
Որոշ վերլուծաբաններ էլ կարծում են, որ եթե ՌԴ հաշվարկային պալատի պաշտոնյաները խիստ նախազգուշացում չանեն [Աբխազիայի կառավարությանը], ապա սա կարող է յուրատեսակ «կանաչ լույս» հանդիսանալ հետագա յուրացումների համար:
Աբխազիայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Բեսլան Բարաթելիան նշում է, որ տվյալ պահին Մոսկվայի տրամադրած ֆինանսական միջոցների միայն մեկ երրորդ մասն է իրացվել:
«Ամեն ինչ կախված է Ստեպաշինի հայտարարության վերաբերյալ արձագանքից: Եթե որոշակի հետեւանքներ լինեն… ինչպես, օրինակ, մեխանիզմների կատարելագործմանն ուղղված փորձեր կամ կարգապահության խստացումներ, ապա ֆինանսական օգնության հաջորդ բաժինն ավելի արդյունավետ կերպով կիրացվի», – ասում է Բարաթելիան` հավելելով, որ եթե ռուսական կողմի հայտարարություններն ազդեցություն չունենան, ապա «ոչինչ չի փոխվի, եւ ամեն ինչ նույն ձեւով կշարունակվի»:
Այն, թե ինչպես են ռուսական միջոցները ծախսվում, շատերին է հետաքրքրում Աբխազիայում:
Մարդասիրական ծրագրերի կենտրոնի ղեկավար Արդա Ինալ-Իպայի խոսքերով` ցանկալի կլիներ, եթե Ստեպաշինի զեկույցը քննարկվեր Աբխազիայի խորհրդարանում:
«Հասարակությունն ակնկալում էր, որ իշխանություններն անհապաղ միջոցներ ձեռք կառնեն, համապատասխան ուսումնասիրություններ կկատարեն զեկույցում տեղ գտած խախտումների վերաբերյալ եւ բացատրություն կտան արձանագրված փաստերի կապակցությամբ: Սակայն [իշխանությունների] կողմից համապատասխան արձագանք դեռեւս չի եղել», – նշվում է Կենտրոնի հայտարարության մեջ: