Microsoft ընկերությունը երկուշաբթի օրը Լոս Անջելեսում ներկայացրել է Surface նոր պլանշետային համակարգիչը, որը կարող է մրցակցել Apple ընկերության կողմից արտադրվող iPad պլանշետի հետ։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Surface պլանշետային համակարգչի շնորհանդեսին ներկա էր նաև Microsoft ընկերության ղեկավար Սթիվ Բլմերը։ Նրա խոսքերով՝ այս պլանշետը «բացարձակ նոր տեսակի համակարգչային սարքերի օրինակ է»։ Microsoft-ը ներկայացրել է երկու մոդել, որոնք գործում են Windows RT և Windows 8 Pro օպերացիոն համակարգերով։ Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց պլանշետային համակարգիչների գները առանձնապես չեն տարբերվի iPad-ի գնից։








































