Թիմերն ավարտեցին պայքարը նաև «Եվրո-2012»-ի C խմբում:
Իսպանիայի հավաքականը երրորդ խաղում ուժերը չափեց Խորվաթիայի ընտրանու հետ: Հանդիպումը չարդարացրեց սպասելիքները:
Խորվաթիայի հավաքականն ամբողջ կազմով նահանջել էր ու դիրքավորվել սեփական կիսադաշտում: Գնդակը ստանալուց հետո իսպանացիներն այն նույնիսկ մշակելու ժամանակ չէին ստանում, քանի որ լուրջ հսկողության տակ էին: Խաղադաշտում դիրքային պայքար էր ծավալվել, իսկ ցածր տեմպը պահպանվեց ամբողջ հանդիպման ընթացքում: Իսպանացիներն ավանդաբար ավելի շատ էին տիրում գնդակին, սակայն վտանգավոր պահերի չէին կարողանում ստեղծել, քանի որ մրցակիցը թույլ չէր տալիս մոտենալ նույնիսկ սեփական տուգանային հրապարակին:
23-րդ րոպեին հարվածեց Տորեսը, սակայն Պլետիկոսան որսաց գնդակը: Հաջորդ երկու րոպեների ընթացքում իրենց բախտը փորձեցին կենտրոնական երկու պաշտպանները` Սերխիո Ռամոսն ու Խերար Պիկեն. կրկին ապարդյուն: 26-րդ րոպեին խորվաթների առաջին դիպուկ հարվածը կատարեց Պրյանիչը, սակայն Կասիլյասը տեղում էր:
Երկրորդ խաղակեսում աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոններն ավելի պասիվ էին: Առաջին լուրջ վտանգավոր պահը ստեղծեցին Բիլիչի սաները: 59-րդ րոպեին Լուկա Մոդրիչի` աջ եզրից կատարած փոխանցումից հետո առանց հսկողության մնացած Ռակիտիչը մի քանի մետրից գլխի հարվածով կարող էր բացել խաղի հաշիվը, սակայն ֆանտաստիկ սեյվի հեղինակ դարձավ Իկեր Կասիլյասը:
88-րդ րոպեին արհեստական խաղից դուրս վիճակ ստեղծելիս սխալվեցին Խորվաթիայի ընտրանու պաշտպանները. Անդրես ինյեստայի փոխանցումից հետո Խեսուս Նավասը դարձավ գոլի հեղինակ, որը մնաց միակն այդ խաղում:
Զուգահեռաբար ընթացած խաղում Իտալիայի ընտրանին 2:0 հաշվով պարտության մատնեց Իռլանդիայի հավաքականին: Գոլեր հեղինակեցին Անտոնիո Կասանոն և Մարիո Բալոտելին` 35-րդ և 90-րդ րոպեներին:
Այսպիսով` C խմբում առաջին տեղը զբաղեցրեց Իսպանիայի հավաքականը` 7 միավորով: 5 միավորով երկրորդ հորիզոնականում են իտալացիները, իսկ 3-րդ տեղում հանգրվանած Խորվաթիայի ընտրանին 1 միավոր պակաս է վաստեկել: Ետնապահը Իռլանդիայի հավաքականն է` առանց վաստակած միավորի:










































