Լրագրողների այն հարցին, թե հավանականություն կա՞, որ մինչև ընտրություններ ԱԺ-ն Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնի, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց.
«Իմ տեսակետով, չկա նման տարբերակ, որ ինչ-որ պատգամավորներ հավաքվեն ու անվստահություն հայտնեն նախագահին»: Լրագրողների հարցին ի պատասխան, թե նման խախտողներ չկա՞ն, ավելացրեց.
«Խախտողներ միշտ էլ կան թե՛ ընտանիքում, թե՛ ընկերության մեջ, թե՛ խորհրդարանում, թե՛ կառավարությունում»: Բայց բացառեց, որ նման բան կլինի,ավելին վատ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ հավաքի 50+1 ձայների հարաբերակցությունը։ Բացառեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանը առաջիկա ընտրություններին կվերադառնա մեծ քաղաքականություն, սակայն ամեն դեպքում խորհուրդ տվեց այդ հարցն ուղղել նրան:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ տևական ժամանակ է՝ Հովիկ Աբրահամյանը չի կրում ՀՀԿ կրծքանշանը, ինչին ի պատասխան՝ նա արձագանքեց, որ ինքը հոգով է հանրապետական, հետևաբար ներկա դրությամբ կրում է միայն ԱԺ նախագահի կրծքանշանը:
Ի դեպ, ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրության հետկանչման հավանականությանը, Աժ նախագահն ասաց, որ դա հանրապետության նախագահի իրավասությունների մեջ է մտնում, և եթե որոշի հետ կանչել, կկանչի։
Իսկ երկպալատ խորհրդարանի հարցը, ըստ Հովիկ Աբրահամյանի, սահմանադրական փոփոխություն է ենթադրում, սակայն ինքը կարծում է, որ առայժմ դրանից ավելի կարևոր հարցեր կան քննարկելու և լուծելու: