Ինչպես փոխանցում է Mehr գործակալությունը, Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի ռազմածովային ուժերի հրամանատար Ալի Ֆադավին հայտարարել է, որ ինչ-որ մի երկրի կողմից տարածաշրջանում վտանգ ներկայացնելու դեպքում իրենք պատրաստ են փակել Հորմուզի ջրանցքը:
Նա նաև ասել է, որ մոտ ժամանակներս Իրանի ռազմական ուժերը պատրաստվում են ավելացնել այդ շրջանում իրանական սուզանավերի ներկայությունը:
Անշուշտ, այս քայլը կարող է կաթվածահար անել համաշխարհային տնտեսությունը` հաշվի առնելով այն կարևորությունը, որ ջրանցքն ունի նավթի արտահանումներն իրականացնելու առումով:
Տեղեկացնենք, որ Հորմուզի ջրանցքը համարվում է տարածաշրջանի ամենակարևոր ջրային ուղիներից մեկը, որով, ըստ Lloyd’s ծովային վիճակագրական կենտրոնի տվյալների, իրականացվում է համաշխարհային նավթի ծովային արտահանման 33%-ը: Հորմուզի ջրանցքի զգալի մասը վերահսկվում է Իրանի կողմից, իսկ մի փոքր մասն էլ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների և Օմանի կողմից: