Քաղաքագետ Այդըն Միրզազադեն կարծում է, որ դեսպանի ժամանումը երկկողմ հարաբերություններում նոր փուլի սկիզբ հնարավոր չէ դիտարկել: Բրայզայի ժամանումը, նրա կարծիքով, ուղղակի ավելի կհեշտացնի այն քայլերի իրականացումը, որոնք Վաշինգտոնը արդեն տևական ժամանակ ցանկանում է իրագործել տարածաշրջանում: Նա համարում է, որ ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում բավարար չէ, իսկ նոր դեսպանը պետք է նպաստի այդ ակտիվության աճին: Մեկ տարուց ավելի դեսպանի բացակայությունը Միրզազադեն ԱՄՆ-ի ներքին խնդիր է համարում:
Փորձագետ Մուբարիզ Ահմեդօղլուի կարծիքով, Բրայզայի ժամանումն ուղղակի կնպաստի երկու երկրների համագործակցության ֆունկցիոնալության, տեմպերի և ինտենսիվության բարձրացմանը: Նա չի բացառել, որ դեսպանի ժամանումով կսկսվի տարածաշրջանում ռուսական շահերի դուրսմղման գործընթաց, որի կոնտեքստում էական է հայ-թուրքական հաշտեցման գործընթացը:
Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով, Բրայզայի ժամանումը առաջին հերթին անհրաժեշտ է հենց Վաշինգտոնին, որը հիմա ավելի արդյունավետ կարող է իրականացնել սեփական քաղաքականությունը: Նրա կարծիքով, դրական է այն, որ Բրայզան խորապես տեղյակ է տարածաշրջանի խնդիրներին։ Մուսաբեկովը բարձր է գնահատել դեսպանի մակարդակը:
Քաղաքագետ Լեյլա Ալիևայի կարծիքով, Բրայզան դեսպանի պաշտոնում կարող է ավելի անկաշկանդ կերպով նոր գաղափարներ ներկայացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ,- գրում է aze.az-ը:











































