Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Եգիպտոսում հավատարմագրված մի շարք դիվանագետների, որոնք, օգտվելով երկրում ստեղծված քաոսային իրավիճակից, փորձել են ներկրել զենք և զինամթերք, ինչպես նաև հատուկ միջոցներ, որոնց ներկրումը Եգիպտոսի իշխանությունների հատուկ թույլտվությունն է պահանջում: Այս մասին գրում է РИА-Новости գործակալությունը` հղում կատարելով Youm7 եգիպտական կայքին:
Նախարարության անանուն աղբյուրները նշել են, սակայն, որ պատկան մարմիններին հաջողվել է առգրավել այդ զենքն ու հատուկ միջոցները: Այդ աղբյուրները չեն նշել, թե կոնկրետ որ երկրներին են վերաբերում այս փաստերը:
Անցած օրը լարված է եղել Սինայի թերակղզում, որտեղ եգիպտական անվտանգության ուժերի վրա հարձակում է կատարվել: Նրանց զորանոցների ուղղությամբ մի քանի անգամ կրակել են գնդացրից:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը պայթյուն էր տեղի ունեցել Սինայի թերակղզուց դեպի Հորդանան և Իսրայել գնացող գազամուղի վրա, որի հետևանքով վնասվել էր խողովակաշարը, իսկ գազամատակարարումը դեպի Հորդանան և Իսրայել դադարեցվել էր մեկ շաբաթով:








































