Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հրաման է արձակել զորքերին գրավել Colquiri ընկերության հանքահորը, որը տնօրինում է շվեյցարական Glencore ընկերության մասնաճյուղը: Նման որոշում է կայացվել վարձու հանքագործների ու հանքահորի կոոպերատիվների անդամների միջև բախումից հետո, երբ վնասվածքներ էր ստացել 18 մարդ: Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտը»:
Երկրի ՆԳ նախարար Կառլոս Ռոմերոյի խոսքով` խոսքն ընդամենը 600 զինվորականի ու 1000 ոստիկանի մասին է, որոնք վերահսկելու են իրավիճակը հանքահորում:
Բախումները հրահրել էին հանքահորի կոոպերատիվի աշխատակիցները, որոնք պահանջել էին իրենց ենթակայությանը հանձնել հանքահորը: Միևնույն ժամանակ, երկրի ղեկավարությունը այլ ծրագրեր ունի` մի քանի օր առաջ հայտարարվել էր Colquiri լեռնահանքային ընկերության ազգայնացման մասին, որը պատկանում է Glencore-ի մասնաճյուղին:











































