News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն Ուկրաինա կատարած պաշտոնական այցի շրջանակներում անցկացրել է մի շարք հանդիպումներ: Վաշաձեն Ուկրաինայում հանդիպել է նախագահ Վիկտոր Յանուկովիչի, առաջին փոխվարչապետ Վալերի Խոռոշևսկու, արտգոծնախարար Կոնստանտին Գրիշչենկոյի ու Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են վրաց-ուկրաինական երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների ու դրանց զարգացման հեռանկարներին առնչվող այժմեական խնդիրներ: Կողմերը պայմանավորվել են զարգացնել տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի ու զբոսաշրջային ոլորտներում երկու երկրների հարաբերություններն ու համագործակցությունը:
Վրաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են տարեվերջին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 1 միլիարդ դոլարի: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 20 տարի առաջ:










































