Անգլիայում Թուրքիայի դեսպան Ունալ Չեւիքյոզը մասնակցել է Լոնդոնում Եվրոպայի ադրբեջանական համայնքի կողմից կազմակերպված թուրք -ադրբեջանական հարաբերությունների պատմական զարգացմանը նվիրված ժողովին: Իր ելույթի ժամանակ նա խոսել է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների, Թուրքիայի ԵՄ անդամակցության, հայ-թուրքական գործընթացի, Ղարաբաղյան հակամարտության եւ մի շարք այլ հարցերի շուրջ, այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Անդրադառնալով Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցին` Չեւիքյոզն ասել է. «Այս գործընթացը սկսվել է 47 տարի առաջ, մի քանի տարի էլ կարող ենք սպասել, բայց եւս 47 տարի հաստատ չենք սպասի»: Չելիքյոզը, շեշտելով, որ Թուրքիան մշտապես հարգել է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, նշել է, որ այս համատեքստում ղարաբաղյան հակամարտության լուծման համար Թուրքիան իր հնարավորությունների սահմաններում ամեն բան արել է: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ էլ Չեւիքյոզը ասել է, որ արձանագրություններն այս պահին սպասման մեջ են եւ մոտ ժամանակներս նորից օրակարգ կվերադառնան: