Գերմանիան որոշել է միանալ նորվեգական էներգացանցին` էլեկտրաէներգիայի ներմուծման համար: Այս մասին գրում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:
Գերմանական պետական KfW բանկը համաձայնել է ֆինանսավորել մինչև 4 մլրդ եվրո արժողությամբ նախագիծը:
Համապատասխան գրավոր համաձայնագիրը, FAZ-ի տվյալներով, Գերմանիայի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Շտեֆան Կապֆերերը ներկայացրել է նորվեգական պետական ընկերությանը` էներգացանցի Statnett SF օպերատորին:
Statnett ընկերությունն ու գերմանական էներգացանցի Tennet օպերատորը հաստատել են բանակցությունների մասին տեղեկությունը:
Statnett-ի ներկայացուցիչ Տոր Ինգե Ակելսենը նկատել է, որ նորվեգական կողմը նույնպես հետաքրքրված է այդ պայմանագրով ու հուսով է շուտափույթ ստորագրել այն:
Նորվեգիան պատրաստվում է ներմուծել գերմանական հողմաղացներում արտադրված էներգիան:
600 կմ-անոց երկու գծերից մեկը` NordLink-ը, պետք է պատրաստ լինի արդեն մինչ 2018թ.: Երկրորդ գիծը` NorGer-ը, ծրագրվում է շարունակել 2020-ականներին:
Նախատեսված պլանի համաձայն` NordLink-ը հաշվարկված է 1.4 հազար մեգավատտի, ինչը համապատասխանում է խոշոր ԱԷԿ-ի արտադրողականությանը:
Գերմանիայի իշխանությունները հայտարարել էին 2011թ. ամռանը էներգետիկ բարեփոխումներ անցկացնելու մասին: Կառավարությունը որոշել էր դադարեցնել 2022թ. երկրում բոլոր ԱԷԿ-ների աշխատանքը:









































