Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է նախագահի թեկնածու ինքնառաջադրված քաղաքացիներին որպես նախագահի թեկնածու գրանցելու վերաբերյալ հարցը: Այս մասին հայտնում է karabakh-open.info-ն:
ԿԸՀ նախագահ Ռաշիդ Պետրոսյանի փոխանցմամբ՝ ինքնաառաջադրված բոլոր քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերը համապատասխանում են պահանջներին և որևէ առարկություն այդ կապակցությամբ չկա։ Ելնելով վերոնշյալից` ԿԸՀ-ն որոշել է գրանցել բոլոր 4 թեկնածուներին՝ Վիտալի Միխայիլի Բալասանյանին (ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական), Վալերի Սերգեյի Խաչատրյանին (թոշակառու, անկուսակցական), Բակո Սահակի Սահակյանին (ԼՂՀ գործող նախագահ, անկուսակցական) և Արկադի Իվանի Սողոմոնյանին (Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, անկուսակցական)։
Նիստի վերջում ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ հանձնաժողովը շարունակում է նախապատրաստական աշխատանքները. գալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հրավեր է ուղարկվել տարբեր երկրների ԿԸՀ նախագահներին։ Հանրապետությունում ձևավորվել է 274 ընտրատեղամաս, ևս մեկը՝ ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում։ Աշխատանքներ են ընթանում նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների ձևավորման, ինչպես նաև տեղամասային հանձնաժողովների անդամների, դիտորդների և վստահված անձերի համար գրքույկների տպագրման ուղղությամբ:
Հունիսի 20-ին ԿԸՀ-ում տեղի կունենա վիճակահանություն, որի արդյունքում կհաստատվի թեկնածուներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով վճարովի ու անվճար եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 20-ին, որը կտևի մինչև հուլիսի 17-ի ժամը 24։00-ն։











































