Գերմանիայի «Կանաչների» կուսակցությունն առաջարկել է երկրի կառավարությանն ու կանցլեր Անգելա Մերկելին` միանալ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի կալանքի դեմ իրենց բողոքին:
Այս մասին Tagesspiegel-ին տված հարցազրույցում հայտարարել է Բունդեսթագում «Կանաչների» պատգամավոր Վերբեր Շուլցը:
Հունիսի 14-ին Շուլցը «Կանաչներից» եվրապատգամավոր Ռեբեկա Հարմսի հետ այցելել է Խարկովի հիվանդանոցում գտնվող Տիմոշենկոյին: Այս մասին հայտնում է DW-WORLD-ը:
Շուլցի խոսքով` նա իրեն համեմատաբար լավ է զգում, սակայն նրան պահում են բավական դաժան պայմաններում` մշտական հսկողության ներքո:
Տիմոշենկոյի հետ զրույցին ներկա են եղել երկու անձինք, որոնք ըստ գերմանացի քաղաքական գործչի, եղել են հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ:










































