«Լրագրողներն հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ ս. թ. փետրվարի 6-ից իրականացնում է հայկական 10 առցանց ԶԼՄ-ների կողմից 2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկում: Այսօր ՀԿ ղեկավար Սուրեն Դեհերյանը լրագրողներին ներկայացրեց մշտադիտարկման արդյունքները ԱԺ ընտրությունների նախընտրական պաշտոնական քարոզչության ժամանակաշրջանի, ընտրությունների օրվա և հետընտրական երկու շաբաթների վերաբերյալ:
Ըստ Ս. Դեհերյանի` այս մշտադիտարկումները հնարավորություն են տալիս պատկերացնելու առցանց ԶԼՄ-ների լուսաբանման անաչառությունը խորհրդարանական ընտրություններին վերաբերող գործընթացների ժամանակ: Մշտադիտարկվել են հայկական 10 առցանց ԶԼՄ-ներ`1in.am, 7or.am, A1plus.am, Azatutyun.am, Civilnet.am, Lragir.am, News.am, Tert.am, Panarmenian,am, Panorama.am: Կայքերի ընտրությունը կատարվել է Circle.am վարկանիշային համակարգի տվյալների և մեդիաէքսպերտների շրջանում կատարված հարցումների արդյունքում: Արձանագրվել և հետազոտվել են վերը նշված կայքերի լրահոսը, քաղաքական և տեսադարան բաժիններում առկա բոլոր հրապարակումները, որոնք անդրադարձ են պարունակել համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների, դաշինքի և դրանցից յուրաքանչյուրի համամասնական ընտրացուցակի առաջին երեք անձանց վերաբերյալ: Ընդհանուր առմամբ 10 առցանց ԶԼՄ-ներում 2012 թ. ապրիլի 8-ից մինչև մայիսի 20-ը արձանագրվել և մշտադիտարկվել է 8156 հրապարակում, որոնցում կուսակցությունները հիշատակվել են 18288 անգամ: Մայիսի 5-ից մինչև մայիսի 20-ը ներառյալ եղել է ընդամենը 2787 հրապարակում և, համապատասխանաբար, 6902 անդրադարձ կուսակցություններին: Կուսակցություններին/ դաշինքին վերաբերող նյութերի քանակով առաջատարների ցանկում է 1in.am կայքը: Բոլոր 10 կայքերի քանակական ցուցանիշների տեսանկյունից անդրադարձների ընդհանուր քանակով առաջատար եռյակում են ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն: Առցանց լրատվամիջոցներում առկա անդրադարձների 68,7%-ը կրել է չեզոք, 7,6-ը` դրական և 23, 8%-ը` բացասական բնույթ: Ներկայացնում ենք մշտադիտարկումների արդյունքները 1in.am լրատվական կայքի վերաբերյալ:
1in.am-ն ավելի շատ առավել հաճախ դրական անդրադարձներ է հրապարակել «Ժառանգություն» կուսակցության, ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի վերաբերյալ, իսկ առավել բացասական անդրադարձներ` ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի և ԲՀԿ-ի: Մայիսի 6-ին՝ ընտրությունների օրը, 1in.am անդրադարձների մեծ մասը չեզոք է եղել՝ 119 անդրադարձ, բացասական անդրադարձներն առավել շատ վերաբերել են ՀՀԿ-ին՝18 անդրադարձ, ԲՀԿ-ին՝ 5 անդրադարձ, ՀՅԴ-ին` 4 և ՕԵԿ-ին` 3 անդրադարձ:










































