Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը երկրում գների երկարատև աճը բացատրում է արտաքին պատճառներով: Ծառայությունից Новости-Грузия-ին հայտնել են, որ դրա պատճառը համաշխարհային շուկաներում սննդամթերքի գների աճն է:
Վրացի վիճակագիրները շեշտում են, որ համաշխարհային շուկաներում պարենային գների արդեն 7 ամիս տևող աճը հատկապես ծանր ազդեցություն ունի զարգացող տնտեսությունների վրա: Դա ակնհայտ է Վրաստանի օրինակով, որտեղ բնակչության սպառողական զամբյուղի 40 տոկոսը սննդամթերքն է: Այս նույն ցուցանիշը զարգացած երկրներում չի գերազանցում 10 տոկոսը:
Մասնագետները, սակայն, ուշագրավ փաստ են արձանագրում, որ չնայած պարենային սպառողական զամբյուղի ընդհանուր թանկացմանը, 266 անուն սննդատեսակներից 170-ի գները կամ մնացել են անփոփոխ, կամ նվազել են: