Բրիտանացի դերասան և գրող Սթիվեն Ֆրայը կողմ է ժամանակին Պարթենոնը զարդարած, այսպես կոչված, «Էլգինի մարմարները» Հունաստանին վերադարձնելուն: Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, Ֆրայն իր տեսակետը բացատրել է այսպես. Մեծ Բրիտանիան Հունաստանին հավերժ պարտք կլինի, եթե չվերադարձնի նշված հարթաքանդակները:
«Եկեք ցույց տանք, որ մենք բարձր կարգի երկիր ենք և վերադարձնենք Հունաստանին մարմարները: Ամբողջ աշխարհը կհիանա այդպիսի քայլով` բարեկամության իրական վկայություն այն երկրին, որը գտնվում է ծանր իրադրության մեջ»,- ասել է դերասանը:
Բրիտանացի խորհրդարանական, լեյբորիստ Թրիսթրամ Հանթը, ով Ֆրայի ընդդիմախոսն էր պատմական ժառանգության մասին բանավեճի ժամանակ, հայտարարել է, որ հարթաքանդակները հույներին վերադարձնելը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել. Բրիտանական թանգարան «իրենց» գանձերի հետևից կգան նաև աշխարհի մյուս երկրները:
Բանավեճին ներկա գտնվող հանդիսատեսների մեծ մասը սատարել է Ֆրայի տեսակետը, ով մեջբերումներ է արել Սոկրատեսից և Բայրոնից, ինչպես նաև ազդել է հանդիսատեսի զգացմունքների վրա` բարձրաձայն երազելով «Հունաստանի երկնագույն լույսի» տակ մարմարները տեսնելու մասին:
Մարմարները թուրքերի կողմից օկուպացված Հունաստանից դուրս են բերվել 19-րդ դարի սկզբին` Օսմանյան կայսրությունում անգլիական դեսպան Լորդ Էլգինի կողմից: Ավելի ուշ նա այդ հարթաքանդակները վաճառել է Բրիտանական թանգարանին, որն այդ պահից ի վեր հրաժարվում է գանձերը վերադարձնել Հունաստանին:










































