Նեպալի վարչապետ Բաբուրամ Բհաթարաին պատրաստվում է ամսվա մեջ մեկ օր անցկացնել գյուղական վայրում, որպեսզի ծանոթանա ժողովրդի խնդիրներին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի Himalayan Times թերթը:
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնել են, որ դա թույլ կտա ավելի լավ հասկանալ հասարակ մարդկանց կարիքները, հնարավորություն կտա լսել տեղի հասարակության ներկայացուցիչների ձայնը: Պարբերականը գրում է, որ Բհաթարաին պատրաստվում է դառնալ «իսկական ժողովրդական պատգամավոր»:
Ըստ ԶԼՄ-ների՝ վարչապետը պատրաստվում է գյուղական շրջաններ այցելել առնվազն ամիսը մեկ անգամ: Առաջին «բարձրաստիճան այցը» գյուղ նախատեսվում է արդեն այսօր:
Բաբուրամ Բհաթարաին վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2011 թ. օգոստոսից: Ավելի վաղ նա հայտնի էր որպես մաոիստ-զինյալների դաշտային հրամանատարներից մեկը, իսկ հետո Նեպալի Միավորված կոմունիստական կուսակցության նախագահի տեղակալն էր: Երբ մաոիստները դադարեցրին զինված պայքարը, նա զբաղեցրեց ֆինանսների նախարարի պաշտոնը:
Նեպալում 2006 թ. ավարտվեց բազմամյա քաղաքացիական պատերազմը, երբ զինյալ-մաոիստները համաձայնեցին ցած դնել զենքը և ներգրավվել քաղաքական գործընթացի մեջ: 2008 թ. ապրիլին տեղի ունեցած ընտրություններում մաոիստները ստացան Սահմանադրական ժողովի տեղերի մեկ երրորդը:
Այսօր ընդդիմությունն ակտիվորեն պահանջում է Բհաթարաիի հրաժարականը, քանի որ նրա գլխավորած կոալիցիան չի կատարել գլխավոր խոստումը՝ պայմաններ ստեղծել երկրի նոր սահմանադրության ընդունման համար:









































