Երևանի քաղաքապետարանի թիվ 113 դպրոցի բակում հանդիսավորությամբ բացվել է Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկ Նորիկ Խաչատրյանի կիսանդրին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ազատամարտիկի որդուն:
Կիսանդրու բացումը և դրան հաջորդած տոնական միջոցառումը նվիրված էր Նորիկ Խաչատրյանի ծննդյան 50 ամյակին և մահվան 20-րդ տարելիցին:
Ազատամարտիկի անունը կրող դպրոցի բակում հավաքված նրա զինակից ընկերներն ու հարազատները, գոհունակություն հայտնելով նախաձեռնության համար, ընդգծել են, որ հարգանքի նման դրսևորումը մեկ անգամ ևս փաստում է, որ հայրենիքը գնահատում է իր նվիրյալ զավակներին:
Նրանք նաև շեշտել են, որ այսկերպ դաստիարակվում է իրապես հայրենասեր ու ազգանվեր սերունդ:









































