Christie’s աճուրդի տունը ծրագրում է 2-3 մլն դոլար մեկնարկային գնով աճուրդի հանել ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնին պատկանած ամերիկյան սահմանադրությունը:
ԱՄՆ սահմանադրության 1789 թ. յուրահատուկ օրինակը աճուրդի կհանվի հունիսի 22-ին Նյու Յորքում:
Սահմանադրության՝ 223 տարվա հնության հատուկ թողարկման մեջ առկա է նախագահի ստորագրությունը: Սահմանադրությունում ներառված է «իրավունքների մասին օրինագծի» նախագիծը՝ երկրի հիմնական օրենքի առաջին 10 փոփոխությունները, որոնք վերաբերում են քաղաքացու իրավունքներին ու ազատություններին:
Սահմանադրության և «Իրավունքների մասին օրինագծի» նախագիծը հրատարակվել է Ջորջ Վաշինգտոնի ղեկավարման առաջին տարում: Թողարկվել է Սահմանադրության տպագիր 3 օրինակ, որոնցից երկուսը պատկանել են Թոմաս Ջեֆերսոնին և Գերագույն դատարանի առաջին ղեկավար Ջոն Ջեյին:
Վաշինգտոնի Սահմանադրությունը պահպանվել է Վիրջինիա նահանգի Մաունթ Վերմոնտի նրա տան գրադարանում մինչև 1876 թվականը, այնուհետև նրա հարազատների կողմից մի շարք իրերի հետ միասին վաճառվել է: Ձեռքից ձեռք անցնելուց հետո այն վերջապես հայտնվել է ամերիկացի գործարար, կոլեկցիոներ Ռիչարդ Դիտրիխի մոտ: Այժմ Սահմանադրությունն աճուրդի է հանում նրա ստեղծած հիմնադրամը:
Լոտը գտնվում է հիանալի վիճակում: Վերջին շրջանում կոլեկցիոներների կողմից մեծ հետաքրքրություն է դրսևորվում ազգային պատմությանն առնչվող փաստաթղթերի, ձեռագրերի, նամակների և հազվագյուտ գրքերի վերաբերյալ: 3 տարի առաջ 3,4 մլն դոլարով վաճառվել էր ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնի ձեռագիր տեքստը, որով նա ելույթ է ունեցել 1864 թվականին Սպիտակ տան մոտ՝ պաշտոնավարման երկրորդ ժամկետում ընտրվելուց երկու օր հետո:











































