Համակարգչային վտանգավոր Flame վիրուսը անմիջականորեն կապված է իրանական միջուկային օբյեկտները վարակած Stuxnet, ինչպես նաև Duqu վիրուսների հետ: Այս մասին հաղորդում է Կասպերսկիի լաբորատորիան, որը վերջերս էր հայտարարել Flame վիրուսի հայտնաբերման մասին:
Լաբորատորիայի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Flame-ը, Stuxnet-ն ու Duqu-ն մշակվել են ծրագրավորողների կողմից, ովքեր համագործակցել են միմյանց հետ որոշակի փուլում:
Ուսումնասիրելով բոլոր 3 ծրագրերը, ընկերության փորձագետները եկել են եզրակացության, որ երբ 2009-ին ստեղծվեց Stuxnet-ի վաղ տարբերակը, Flame-ի պլատֆորմն արդեն գոյություն ուներ: Երկու վտանգավոր ծրագրերն էլ կիրառում են կրիչի միջոցով վարակման նույն մեխանիզմը: Փորձագետների խոսքով՝ 2010-ին, երբ Stuxnet-ում փոխվեց մոդուլը, ծրագրավորողների ճանապարհները բաժանվեցին:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Կասպերսկիի լաբորատորիան հրապարակել է Flame-ի փորձաքննության արդյունքները: Ըստ այդմ, այն օգտագործվել է ինֆորմացիայի գողության, առաջին հերթին՝ գրասենյակային փաստաթղթերի, PDF ֆայլերի և AutoCAD գծագրերի համար:
Փորձագետների տվյալներով՝ այդ ընթացքում Flame-ի կիրառման առավել շատ դեպքեր գրանցվել են Իրանում՝ 189 անգամ, երկրորդ տեղում են Իսրայելն ու Պաղեստինը՝ 98 անգամ: Նրանց հաջորդում են Սուդանը (32), Սիրիան (30), Լիբանանը (18), Սաուդյան Արաբիան (10) և Եգիպտոսը (5):
Կարծիք կա, որ Flame-ի և Stuxnet-ի մշակման հետևում կարող են կանգնած լինել Իսրայելն ու ԱՄՆ-ն:










































