Հայ ազգային կոնգրեսի առաջնորդները` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, այցելեցին Պանթեոն եւ Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հիշատակին: Պանթեոն էին եկել նաեւ Կոնգրեսի անդամ կուսակցությունների ղեկավարները, Կարեն եւ Ստեփան Դեմիրճյանների հետ քաղաքական ճանապարհ անցած քաղաքական գործիչները, ընդդիմության ակտիվիստները: Պանթեոնից ընդդիմությունը ուղեւորվեց Եռաբլուր, որտեղ արդեն նրանց էին սպասում Վազգեն Սարգսյանի զինակից ընկերները, ազատամարտիկներ, երկրապահներ: Այնտեղ էին նաեւ Սպարապետի ծնողները, ովքեր լսում էին փոքրիկ երկրապահների բանաստեղծությունները, որոնք վերջիններս արտասանում էին Վազգեն Սարգսյանի շիրմի մոտ: Առաջին նախագահը ծաղկեփունջ դրեց Վազգեն Սարգսյանի շիրմին, ապա ողջագուրվեց Սպարապետի ծնողների հետ: