Հայաստանյան իշխանությունների ինքնագնահատականը շատ ցածր է, ինչն էլ վախվորածություն է հաղորդում միջազգային ասպարեզում իրականացվող նրա քայլերին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ադրբեջանական դիվերսիոն գործողությունների և ՀԱՊԿ-ի «անգործության» ֆոնին որքա՞ն արդյունավետ է Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին:
«Իշխանություններն առաջիկա ընտրություններից սպասելիքներ ունեն և չեն ուզում մեծ եղբորը՝ Ռուսաստանին, նեղություն պատճառել: Սակայն միանշանակ է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված դիվերսիաներից հետո քաղաքական մակարդակով հստակ պահանջ պետք է ներկայացվեր թե՛ Ռուսաստանին, թե՛ ՀԱՊԿ-ին: Ընդ որում՝ այդ պահանջը ՀԱՊԿ-ին պետք է ներկայացվի գրավոր՝ որպես պրոցեդուրային քայլ և պահանջվի համապատասխան պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ կամ քաղաքական դեմարշ հայտարարել: Ես հակված չեմ մեղադրել ռուսներին կամ ՀԱՊԿ-ին: Դա բացառապես Հայաստանի իշխանության թույլ դիրքորոշման արդյունք է: Միաժամանակ, ՀԱՊԿ-ին մեր անդամության առումով բացասական որևէ բան չեմ տեսնում: Այլ բան է, որ մեր ձեռքին եղած գործիքն, ըստ էության, չենք կարողանում օգտագործել»,- ասաց Արման Մելիքյանը: