Շատ ցուրտ եղանակն ու ձյունխառն քամին չխանգարեցին հայ երիտասարդներին Եգիպտոսի դեսպանատան մոտ հավաքվելուն ու աջակցություն հայտնելուն Եգիպտոսի ժողովրդին, որն այժմ ծանր կացության մեջ է:
«Եգիպտոսում իշխանությունները կրակ են արձակում խաղաղ ցուցարարների վրա: Աշխարհը չի կարող անտարբեր մնալ, երբ որևէ տեղ նման կերպ ոտնահարվում են մարդու իրավունքները: Մենք էլ դրա միջով անցել ենք 3 տարի առաջ, երբ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում կրակ բացեցին խաղաղ ցուցարարների վրա»,- ասում է նախաձեռնող խմբի անդամ Արթուր Մինասյանը:
Մարդու իրավունքների ջատագով խմբի անդամները դեսպանատան մոտ եկել էին «Բռնապետ, հեռացիր», «Ոչ ոք ազատ չէ, երբ ուրիշներին ճնշում են», «Բարեփոխում մինչև վերջ» գրությամբ պաստառներով:
Երիտասարդները վանկարկում էին` «Մուբարա՛ք, հեռացի՛ր»:
«Մուբարաքը ոչ միայն պիտի հեռանա, այլև պիտի պատասխանատվության ենթարկվի Մարդու իրավունքների միջազգային դատարանի կողմից»,- ասում է Մինասյանը:
Նախաձեռնող խումբը ստեղծվել է երեկ` մի քանի ընկերների կողմից: Հայտարարությունը տարածել են facebook սոցիալական ցանցում: