Ծայրահեղական տնաբույծ մուսուլմանները, որոնք ապրում են Մեծ Բրիտանիայում, երկրի համար ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան արտերկրից եկած ահաբեկիչները:
Այս մասին 2008թ. ապրիլին ամերիկացի կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է բրիտանական MI-6 հետախուզական ծառայության ներկայացուցիչը:
Հանդիպման մասին հաշվետվությունը, որը հայտնվել է WikiLeaks կայքում, տպագրվել է The Daily Telegraph թերթում:
Հետախուզության ներկայացուցչի խոսքերով, որի անունը չի հրապարակվում, միաժամանակ ներքին և արտաքին վտանգի առկայությունը դժվարացնում է երկրում ահաբեկչության դեմ պայքարը: Բրիտանացի մուսուլմանները «կրթվում են» հենց երկրում, այդ իսկ պատճառով նրանց հետևելը շատ դժվար է:
Բացի այդ, MI6-ի ներկայացուցիչն ընդունել է այն հանգամանքը, որ բրիտանական հատուկ ծառայությունները մեծ կախվածություն ունեն ԱՄՆ ԿՀՎ-ից:
2005թ.-ի հուլիսին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունները իրականացվել են հենց Մեծ Բրիտանիայում ապրող մուսուլմանների կողմից, այլ ոչ թե արտերկրից ժամանած ահաբեկիչների: Չորս պայթյունների հետևանքով այն ժամանակ զոհվեց ավելի քան 52 մարդ: