Երեկ մեզ հաջողվեց պարզել, որ անցյալ ուրբաթ օրը առգրավված «Էքստազի»-ի գործը նոր զարգացումներ է ստանում։ Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն` երեկ Կենտրոնական Ասիայից Հայաստան են ժամանել երկու քրեական հեղինակություններ, որոնք ավելի ուշ Երևանի «Օջախ» ռեստորանային համալիրում հանդիպել են ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Չի բացառվում, որ բանակցության թեման լինի առգրավված «Էքստազին» ետ վերադարձնելու հնարավորությունը։ Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ հայ իրավապահներին հաջողվել էր առգրավել աննախադեպ ծավալի թմրանյութ` էքստազիի 42,000 հաբ և մոտ կես կիլոգրամ մաքուր հերոին: Այս գործով ոստիկանները նախ ձերբակալել էին մի ամերիկահայի` Զոհրաբ անունով, ում միջոցով պարզվել էր, որ ներկրված աննախադեպ չափի թմրանյութի հետևում կանգնած են բարձրաստիճան հայ պաշտոնյաներ:
Կիրակի օրը իրավապահները ձերբակալել, ապա ստորագրությամբ բաց էին թողել Զոհրաբին: Հաջորդ օրը, սակայն, Զոհրաբին ազատության մեջ թողնելու որոշումը փոխվել էր, և նա կրկին կալանքի տակ էր հայտնվել: Այնուհետ մեզ հայտնի դարձավ, որ Զոհրաբը շարունակում է մնալ ազատության մեջ… Հիշեցնենք, որ Հայաստանում էքստազիի մեկ հաբի գինը հասնում է 50 ԱՄՆ դոլարի: